Բարեկենդանի մասին

Սովորույթներ և ավանդույթներ

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։Տոնական խաշիլը

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը։

Տիկնիկներ

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր Ուտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիս տատը, որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։Բարեկենդանի ակլատիզը

Հրապարակ էր մտցվում Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Կարինում Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։

Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին.

Ճիճու, ճիճվարանքը` դուրս,
ցորեն, գարին` ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Լոռեցիների պատկերացմամբ՝ Պաս պապը մեծ շերեփով խփում էր Ուտիս տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս։ Իսկ Մեծ Պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում Պաս պապի գլխին ու դուրս անում նրան տանից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s