Իսպանական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ծովամթերքների մատչելիությունը։ Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունների արդյունքում ձևավորվել է սեփական մի յուրահատուկ խոհանոց։ Այն անվանում են «Միջերկրական դիետա», քանի որ սնունդը հիմնականում պատրաստվում է մրգերից, բանջարեղենից, բրնձից, ծովամթերքից, հացահատկից, կանաչեղենից և տարբեր օգտակար բույսերից։ Սակայն, իրականում իսպանական խոհանոցում մսով պատրաստվող ուտեստներն ավելի շատ են, քան ձկնեղենով ուտեստները։

Տապաս
Իսպանական խոհանոցը հայտնի է դարձել այնպիսի ճաշատեսակների շնորհիվ, ինչպիսիք են` պաելյան(բրնձից պատրաստվող հատուկ ճաշատեսակ), գասպաչոն (համեմունքային, կծու բանջարեղենային ապուր, որ մատուցվում է սառը), տորտիլլան (ձվածեղ) կամ տապասը (նախուտեստ): Ձիթապտղի ձեթը, որն ամենաառողջարար յուղն է, օգտագործվում է ապուրներն ու աղցանները համեմելու համար, սակայն մինչև XX դարի սկիզբը ձեթի փոխարեն օգտագործում էին կենդանական ճարպեր: Իսպանական ճաշերը հագեցած են լոլիկով, պղպեղով, կարտոֆիլով, ձվով, սխտորով, սոխով, նուշով և գինով: Իսպանական խոհանոցն ինքնին մեկ ազգային խոհանոց չէ։ Այն իր մեջ ընդգրկում է 17 տարբեր շրջանային խոհանոցներ, քանի որ երկիրը բնակեցված է 17 ազգություններով[1]:
Շրջանային խոհարարական ավանդույթներ
Յուրաքանչյուր շրջան ունի իր ուրույն խոհարարական ավանդույթները: Իսպանիայի տարբեր շրջաններում ճաշատեսակների ընդհանուր հատկանիշներն են ձիթապտղի յուղը, սխտորը, կանաչին և գինին։ Մթերքների հսկայական բազմազանությունն ու ուտելիքների բաղադրատոմսերը հիմնականում պայմանավորված են բարենպաստ կլիմայով, քանի որ, երկրում աճում են բազմաթիվ բույսեր։
Նախուտեստներ
Կաղամարով սենդվիչներ
Տապաս (իսպ.՝ Tapas)՝ նախուտեստ, որն Իսպանիայում մատուցվում է գարեջրով կամ գինով։ Իսպանիայում կան հատուկ տապաս-բարեր, որտեղ կարելի է պատվիրել մի քանի տեսակի նախուտեստներ մեծ խմբերի համար։ Իսպանական ճաշատեսակները պարզ են, և շնորհիվ բուրավետ համեմունքների, ինչպիսին զաֆրանն է, հարուստ համ ունեն: Իսպանական խորտիկների ֆավորիտների թվում են ձիթապտուղը, լիմոնով, նշով, թունայով ձիթապտուղը, տարբեր սենդվիչները, Մադրիդյան սենդվիչները կաղամարով, տապակած ծովախեցգետինները, մարինացված խոզի միսը, խոզապուխտը, պանիրը, պանիրը ձիթապտղի յուղով։ Մեկ այլ նախուտեստ է պինչոն, որը մեկ անգամ կծելու ուտեստ է և հայտնի է հատկապես Սան Սեբաստիան կոչվող շրջանում: Ռասիոնեները ավելի մեծ են, քան տապասը: Սակայն դրանք երկուսն էլ պատրաստված են մեկ մթերքից կամ ուտեստից, ինչպիսին օրինակ խոզի խորոված ականջներն են, կաղամարը հռոմեական ձևով, նրբերշիկները գինով: Այնուամենայնիվ, քանակապես շատը պլատոս կոմբինադոսն է, որը ներառում է մի քանի մթերքներ (կրոկետներ, թարմ բանջարեղենով աղցան, ձու, հորթի միս):

Իսպանական տորտիլյա
Իսպանական տորտիլյան ձվածեղ է ձիթապտղի յուղով, հավի ձվով, կարտոֆիլով և սոխով։ Հաճախ տրվում է նախաճաշին։ Իսպանական խորտկարաններում տորտիլյան մատուցվում է սենդվիչներում և առաջարկվում է որպես խորտիկ։
Աղցաններ

Իսպանական ավանդույթի համաձայն` մինչև ճաշը մատուցվում է կարմրացրած նուշ, կանաչ հում ձիթապտուղ, հաց, ինչպես նաև լոլիկով և սխտորով սոուս, թարմ աղցան, եփած բանջարեղեն, ծովամթերք, լոբի, որոնք հաճախ համեմում են ձիթապտղի յուղով կամ ձիթապտղի յուղը քացախով։ Իսպանացիների ամենասիրած աղցանը ծովամթերքներով աղցաններն են։

