Նախագծի հեղինակներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներ՝ Մարիա Վաթյան, Արսինե Կարապետյան
Նախագծի ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ և ուսուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների դպրոցների սովորողներ ու կրթական համայնքի ներկայացուցիչներ։
Նախագծի նկարագրություն
«Դասամիջոցը» փոդքասթ-նախագիծ է, որի գաղափարը սովորական, անկաշկանդ զրույցների միջոցով մարդկանց, մտքերի և տարբեր փորձառությունների միավորումն է։ Մենք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներս, ցանկանում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ զրույցի մասնակից կարող են դառնալ ինչպես մեր կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները, այնպես էլ Հայաստանի և այլ երկրների դպրոցների ներկայացուցիչները։
Փոդքասթի հիմնական առանձնահատկությունը զրույցների ազատ ձևաչափն է։ Մենք չենք ցանկանում սահմանափակվել միայն կրթական կամ ուսումնական թեմաներով։ Մեզ հետաքրքիր են մարդիկ, նրանց պատմությունները, հետաքրքրությունները, աշխարհայացքն ու առօրյան։ Յուրաքանչյուր թողարկման ընթացքում կարող ենք անդրադառնալ տարբեր թեմաների՝ դպրոցական կյանքից, ընկերությունից և մասնագիտության ընտրությունից մինչև մշակույթ, երաժշտություն, կինո, նորաձևություն, հասարակական երևույթներ և երիտասարդների հետաքրքրություններ։
Կարևոր է նաև տարբեր երկրների սովորողների հետ զրույցների կազմակերպումը։ Դրանք հնարավորություն կտան ծանոթանալու այլ կրթական միջավայրերի, հասկանալու՝ ինչով են տարբերվում կամ նման մեր առօրյան, հետաքրքրություններն ու պատկերացումները։ Միևնույն ժամանակ, կրթահամալիրի ուսուցիչների մասնակցությամբ թողարկումները հնարավորություն կտան նրանց ճանաչելու ոչ միայն որպես դասավանդողների, այլև որպես անհատների՝ իրենց հետաքրքրություններով, փորձով և պատմություններով։
Նախագծի նպատակը
Ստեղծել սովորողների և կրթական համայնքի ներկայացուցիչների համար բաց հաղորդակցման հարթակ, որտեղ անկաշկանդ զրույցների միջոցով կներկայացվեն տարբեր մարդկանց փորձը, հետաքրքրություններն ու տեսակետները՝ խթանելով միջմշակութային շփումը, փոխճանաչումն ու մտքերի փոխանակումը։
Նախագծի խնդիրները
- Ստեղծել փոդքասթի կայուն և հետաքրքիր ձևաչափ։
- Կազմակերպել զրույցներ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների հետ։
- Հաստատել կապեր Հայաստանի և այլ երկրների դպրոցների սովորողների հետ։
- Ընտրել արդիական և բազմազան թեմաներ։
- Զարգացնել հաղորդավարների հաղորդակցման, հարցազրույց վարելու և մեդիաբովանդակություն ստեղծելու հմտությունները։
- Ներկայացնել տարբեր մարդկանց պատմություններն ու տեսակետները։
- Ստեղծել և տարածել փոդքասթի պարբերական թողարկումներ։
Իրականացման ընթացքը
Նախագիծը կիրականացվի պարբերական թողարկումների ձևաչափով։ Յուրաքանչյուր թողարկման համար կհրավիրվեն մեկ կամ մի քանի հյուրեր՝ կախված ընտրված թեմայից։ Զրույցները կարող են անցկացվել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ առցանց՝ այլ երկրների մասնակիցների հետ։
Թողարկումից առաջ կընտրվի թեման, կուսումնասիրվեն հյուրի հետաքրքրություններն ու գործունեությունը, կպատրաստվեն զրույցի ուղղորդող հարցեր։ Սակայն զրույցը չի սահմանափակվի նախապես կազմված հարցաշարով․ կարևոր է պահպանել բնական ընթացքը և հյուրին հնարավորություն տալ ազատ արտահայտելու իր մտքերը։
Ձայնագրված նյութերը կմոնտաժվեն և կհրապարակվեն կրթահամալիրի համապատասխան հարթակներում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի վերջնարդյունքը «Դասամիջոց» փոդքասթի առնվազն 5 ամբողջական թողարկումների ստեղծումն ու հրապարակումն է՝ տարբեր հյուրերի և թեմաների մասնակցությամբ։
Արդյունքում կձևավորվի հաղորդաշար, որը կներկայացնի կրթահամալիրի սովորողների ու ուսուցիչների հետաքրքիր պատմությունները, ինչպես նաև տարբեր երկրների դպրոցականների առօրյան, տեսակետներն ու փորձը։ Նախագիծը կնպաստի կրթական համայնքի ներսում հաղորդակցության ընդլայնմանը և միջազգային կապերի ձևավորմանը։
Նախագծի առանձնահատկությունը
«Դասամիջոցը» սովորական հարցազրույցների շարք չէ։ Այն հնարավորություն է՝ դասերից դուրս, ավելի ազատ միջավայրում ճանաչելու մարդկանց, լսելու նրանց պատմությունները և քննարկելու այնպիսի թեմաներ, որոնք հետաքրքրում են մեր սերնդին։ Յուրաքանչյուր թողարկում նոր հանդիպում է, նոր տեսակետ և նոր պատմություն։
