Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։
Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում։ Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.
— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։
Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։
Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։
— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած.— ես գզրի պես հո չե՞մ գոռում։
— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս… ետևն ուռել է։
Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում, գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։
Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։
Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.
— Հ՜եյ, ո՞նց ե՛ք… ո՜նց…
Ձենից պատերն ու օճորքը դողում են։
— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։
Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։
Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։
— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։
— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։
Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։
Դու մի ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունենում ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։
Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.
— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի, ով բժշկի՝ իր քաշովը մին ոսկի կտամ։
Ձենը որոտալով ու դրըմբդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակն ու վրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։
- Թագավորը ձեր կարծիքով բարի էր թէ չար պատասխանի հարցին և գրի ինչու։
- Ինչու նախարարաները չէին համարձակվում ասել որ թագավորը շատ բարձր է խոսում նախարարները վախկոտ են ?:
- Հերոսներից ով ասեց որ թագավորը բարձր է խոսում։
- Տեկստից դորս գրիր այն մասը որտեղ թագավորը զայրանում է։
- Քեզ ով դույր եկավ հերոսներից և ինչու։
- Եթե դու լինեիր թագավորը ինչ կան էիր երբ նախանարարների ականջը ուռի ինչ կան էիր։
- Քո կարծիքով նախարարաները ջիշտ էին անում որ չէին ասում որ թագավորը բարձր էր խոսում։
Ես ինձ պատկերացնում եմ կախարդին։