
Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։
Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած։
Դդումով տորթ -մուսս

Պատրաստման եղանակ
- Դդմի պտղամիսը 15 րոպե շոգեխաշում ենք կամ կամ փայլաթիթեղի մեջ փաթաթած խորովում ջեռոցում: Թողնում ենք հովանա:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարում ենք մինչև փքուն, սպիտակ զանգվածի վերածվելը: Հարած ձվային խառնուրդին մաս-մաս ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը՝ խնամքով խառնելով թիակի ներքևից վերև շարժումներով: Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հետո խնամքով հանում: - Պատրաստում ենք մուսսը: Հովացած դդմի ջուրը դատարկում ենք, դդումն ընկղմվող բլենդերով խյուս դարձնում: 180 գր խյուս պահում ենք լցոնի համար: Ժելատինը գցում ենք ջրի մեջ, խառնում, տաքացնում մինչև լուծվելը և հովացնում: Մնացած խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Լավ խառնում ենք, մինչև դառնա համասեռ զանգված: Հետո լցնում ենք լուծված ժելատինն ու խառնում: Այս փուլում զանգվածը բավական ջրիկ է լինում:
- Սառեցրած սերուցքը թույլ արագությամբ հարում ենք մինչ փրփրելը: Դդմի ու ժելատինի խառնուրդը քիչ-քիչ լցնում ենք սերուցքի մեջ, թիակով լավ խառնում, որպեսզի հատակին ջրիկ դդմային զանգված չմնա: Բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ կամ սկուտեղի վրա և հագցնում խոհարարական օղակը: Լցնում ենք դդմով մուսսը, հավասարեցնում, 30-60 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
- Պատրաստում ենք լցոնը: Ժելատինը լցնում ենք կաթի մեջ, խառնում, տաքացնում մինչ լուծվելը և մի քիչ հովացնում ենք: Շաքարի փոշին ու վանիլինը լցնում ենք լցոնի համար պահած խյուսի մեջ, խառնում, հետո ավելացնում կաթով ժելատինն ու լավ խառնում ենք: Լցոնը լցնում ենք պնդացած մուսսի շերտի վրա և տորթը նորից տեղափոխում սառնարան:
- Սառնարանում թողնում ենք ամենաքիչը երկու ժամ, հետո օղակը հանում ենք՝ դանակը սահեցնելով ձևամանի ներսի եզրով կամ ձևամանը վարսահարդարիչով տաքացնելով:
- Ըստ ցանկության զարդարում ենք նարնջով, անանուխով, հրուշակեղենային կամ կոկոսի քերուկով:
Լցոնված դդում

Պատրաստման եղանակ
- Դդումների կափարիչները կտրում ենք և միջուկը գդալով հանում:
- Բանջարեղենը լվանում ու մաքրում ենք, բրինձը հասցնում ենք եռման, կրակից վերցում ենք ու այդպես թողնում 10 րոպե, ինչից հետո ջուրը թափում ենք: Տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և սունկը թեթևակի տապակում:
- Ավելացնում ենք դդմի կտրատած միջուկն ու թեթևակի շոգեխաշում:
- Հետո ավելացնում ենք կտրատած սոխն ու սխտորը և մի քիչ էլ թողնում կրակին:
- Այժմ արդեն լցնում ենք լոլիկը, խառնում, կափարիչը ծածկում ու մի քիչ շոգեխաշում:
- Ավելացնում ենք աղացած համեմի սերմը, չիլին, հազրեվարդն ու ծովի աղը և անմիջապես լցնում բանջարեղենային արգանակը:
- Ավելացնում ենք բրինձն ու ընկույզները: Խառնում ենք, եփում այնքան, մինչև բրինձը կիսաեփ լինի:
- Դդումը լցոնում ենք ստացված զանգվածով: Կափարիչները ծածկում ենք: Դնում ենք նրբաթիթեղի վրա և ձիթայուղ քսում:
- Նրբաթիթեղն ամուր փակում ենք, 45 րոպեով դնում ջեռոցը (խոշոր դդումների դեպքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ): Ջեռոցի տապակի մեջ մի քիչ ջուր ենք լցնում՝ մոտ 5 մմ, որպեսզի դդումի հատակը չայրվի: 45 րոպեից մեր դդումները պատրաստ են (մատով սեղմելիս կարելի է հասկանալ, որ արտաքին կեղևը փափկել է և պիտանի է օգտագործման):
- Բարի ախորժակ: