- Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։
- Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում (ինչպե՞ս չգան)։
- Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։
- Տեքստից գտիր գոյականները, որոշիր՝ որ հոլովով են դրված և որ հոլովման են ենթարկվում։
- Տեքստից գտիր-առանձնացրու ածականները։
- Տեքստում գտիր խարդախ, ազգական, մարտ, ավանդույթ բառերի հոմանիշները։
- Տեքստում գտիր հնչյունափոխված բառերը, որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
Վահանով
Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվազ թափով։
(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վրևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից. «…զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս, ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)
(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։
Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։
Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։
Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։
Նախագիծ՝ «Բառերի խորհրդավոր աշխարհից»։






