Մարդու ինքնագնահատականը և սոցիալական ցանցերի ազդեցությունը Սոցիալական դիմակներ․ ինչու՞ ենք մենք տարբեր միջավայրերում տարբեր

Տարբեր ժամանակներում մարդու ինքնագնահատականը սերտ կապ է ունեցել և ձևավորվել է ընտանիքի, ընկերների, հասարակության և սեփական փորձի ազդեցությամբ, բայց եթե նախկինում հասարակությունը ընդամենը այս ամենի կարևոր բաղադրիչներից մեկն էր, ապա այսօր այն դարձել է ամենաառաջնային գործոններից մեկը։ Նախկինում «սոցիումը» (հասարակությունը) սահմանափակված էր աշխարհագրությամբ. մարդիկ շփվում էին նույն քաղաքում, թաղամասում կամ աշխատավայրում։ Սոցիալական հարթակների հայտնվելուց հետո շատ մարդիկ սկսեցին ապրել վիրտուալ սոցիումում, որտեղ կարող ես թաքնվել ցանկացած սոցիալական դիմակի տակ և ստեղծել քո «կատարյալ եսը»։

Թվում է, որ մարդու առողջ ինքնագնահատականը պետք է կապ ունենա իր իսկ սեփական պատկերացումների հետ, թե որքան է նա գնահատում իր արտաքին տեսքը, հնարավորությունները և հաջողությունները։ Սակայն, հետևելով ուրիշ մարդկանց կյանքերին, որոնք շատ ժամանակ չափազանց իդեալական են թվում, անհատը գալիս է երկու եզրակացության. կամ համեմատվում է և իրեն անհաջողակ է զգում, կամ, հակառակը, մոտիվացվում է և սկսում գործել։

Նույնիսկ առաջին գաղափարի մասին կա համապատասխան տեսություն, որը կոչվում է Թվային նախանձ (Digital Envy / Social Media Envy)։ Սա հոգեբանական տերմին է, որը նկարագրում է նախանձի այն տեսակը, որն առաջանում է բացառապես սոցիալական ցանցերում ուրիշների «կատարյալ» կյանքի, արտաքինի կամ ճամփորդությունների պատկերներից։ Երկրորդ գաղափարը նկարագրող տերմինը կոչվում է Թվային կապիտալիզացիա (Digital Capitalization)։ Սա սոցիալական ցանցերում հաջողության պատմություններով կիսվելու և դրանցից դրական էներգիա քաղելու երևույթն է։ Տեսնելով, թե ինչպես է ինչ-որ մեկը հասել իր նպատակին, անհատը դա ընդունում է որպես «գործողությունների ուղեցույց»։

Սակայն, վերադառնալով համեմատության գաղափարին, նշեմ, որ այսօր սոցիալական ցանցերը նաև ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ մարդկանց կարծիքը հաճախ չափվում է հավանումների, մեկնաբանությունների և հետևորդների թվով։ Շատերը սկսում են մտածել, որ իրենց արժեքը կախված է հենց այդ թվերից։

Ինչ վերաբերում է սոցիալական դիմակներին, յուրաքանչյուր մարդ տարբեր միջավայրերում իրեն տարբեր կերպ է պահում։ Տանը մենք կարող ենք լինել ավելի ազատ, դպրոցում՝ ավելի զուսպ, ընկերների հետ՝ ավելի ուրախ։ Սա բնական երևույթ է, քանի որ յուրաքանչյուր միջավայր ունի իր կանոններն ու սպասելիքները։ Մենք հարմարվում ենք իրավիճակին, որպեսզի կարողանանք շփվել և համագործակցել մարդկանց հետ։ Սակայն երբեմն այդ հարմարվելը վերածվում է դիմակի, և այդ դիմակը հատկապես նկատելի է սոցիալական հարթակներում։ Ինչպես արդեն նշեցի, շատերը ստեղծում են իրենց իդեալական «եսը», ընտրում են միայն հաջող լուսանկարներ, խմբագրում դրանք և հաճախ ցուցադրում իրենց կյանքի միայն ամենաուրախ պահերն ու հաջողությունները։

Կարծում եմ՝ ամենավախենալու պահն այն է, երբ մարդն ինքն է սկսում հավատալ իր ստեղծած դիմակին։ Այդ դեպքում նա սկսում է վախենալ սխալվելուց, փոխվելուց, իր վախերն ու սխալները ցույց տալուց կամ պարզապես բնական լինելուց։

Ես ինքս էլ բախվել եմ նման վտանգի։ Մի քանի ժամանակ առաջ համեմատվում էի սոցիալական հարթակներում իմ իսկ ստեղծած կերպարի հետ, մինչև այն պահը, երբ հասկացա, որ ես սոցիալական հարթակներում և ես իրական կյանքում բավականին տարբեր մարդիկ ենք։ Մինչ օրս չեմ հասկացել՝ դա դրակա՞ն է ինձ համար, թե՞ բացասական։ Սակայն մի բան հստակ հասկացել եմ. վիրտուալ աշխարհը շատ գրավիչ է և երբեմն չափազանց իդեալական, իսկ մարդիկ, որպես էակներ, ունեն անհաջողություններ, սխալներ և վախեր։ Միգուցե սոցիալական հարթակները հենց այն ամբիցիաների տարածքն են, որտեղ ամեն ինչ կարող է կատարյալ թվալ, և հենց դա է պատճառը, որ մարդիկ ձգտում են այնտեղ լինել մի փոքր ուրիշ, մի փոքր ավելի լավ, քան իրականում են։

Վերջիվերջո, մարդու ամենամեծ արժեքը նրա անկեղծությունն է և մարդ լինելը։ Երբ մարդը կարողանում է տարբեր միջավայրերում պահպանել իր հիմնական արժեքներն ու չկորցնել սեփական ինքնությունը, նա ավելի ազատ, վստահ և երջանիկ է զգում իրեն։ Սոցիալական ցանցերը կարող են փոխել մեր արտաքին կերպարը, բայց իրական ինքնագնահատականը ձևավորվում է ոչ թե «լայքերի» թվով, այլ այն գիտակցումով, որ յուրաքանչյուր մարդ արժեքավոր է հենց այնպիսին, ինչպիսին կա։